Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պատմություն, որը շարունակվում է

Պատմություն, որը  շարունակվում է
07.05.2013 | 11:49

Երուսաղեմի սուրբ Հարության տաճարը` սա պատմություն է, ուր դու հանդիպում ես քեզ: Եվ խնդիրը բնավ այն չէ, որ այս տաճարն ամփոփում է քաղաքակրթության պատմությունը մեր թվարկության սկզբից ու շատ ավելի առաջ: Մենք գնացինք դեպի տաճար մի ճանապարհով, որտեղ ամփոփված էին հին գերեզմաններ` հռոմեական ժամանակների, իսկ գուցե ավելի վաղ: Պատկերացնում եք` այդ գերեզմանոցով գուցե անցել է Պոնտացի Պիղատոսը, իսկ գուցե չի անցել, որովհետև նրա ժամանակներում հռոմեացիներն իրենց հանգուցյալներին այրում էին Հուլիոս Կեսարի սահմանած ծիսակարգով: Բայց գերեզմանները կան և ֆոսֆորային փայլ չէին արձակում` դարերն իրենց գործն արել են: Սուրբ Հարության տաճարը Գողգոթայի լեռան վրա լուսարձակում է ուժ ու հավերժության այնպիսի հզոր ալիք, որ դու պարզապես քեզ մաս ես զգում քսանմեկ դարի պատմության, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել մ.թ. երեսուներեք թվականին, չի ավարտվել մինչև հիմա: Եթե իրականում հանդգնություն ու համարձակություն ունենանք մեզ խոստովանել, Հիսուսի խաչելության և հարության պատմությունը, ի վերջո, մեր բոլորի պատմությունն է ու հենց դա է քրիստոնեության անանց ֆենոմենն ու հզորության աղբյուրը` մենք բոլորս մեր կյանքն ապրում ենք փորձությունների, հաղթահարումի, վերածնունդի միջով, կամ կանգ ենք առնում այդ եռանկյունու որևէ անկյունում, բայց դա ևս պատմություն է, որ արժանի է հարգանքի:
Սուրբ Հարության տաճարի ամեն քարը ու ամեն սանտիմետրը ունի իր պատմությունը, ունի իր գաղտնիքները, որոնք, համոզված եղեք, դեռ չեն բացահայտվել: Եվ խնդիրն այն չէ, որ ամեն սերունդ իր համար է իրականությունն իմաստավորում ու իր արժեհամակարգն է բերում, բնավ, խնդիրն այն է, որ մարդկությունը բոլոր ժամանակներում ու ամեն օր կարիք ունի անակնկալների, հայտնությունների, հրաշքների, ու այդ եռանկյունում անցնում է մեր կյանքը` զգում ենք, թե ոչ, հասկանում ենք, թե ոչ, ենթադրում ենք, թե մնում ենք խուլ մեր զգայարանների ու մեր ենթագիտակցության առաջ: «Վերջապես տեսա», վկայում է արձանագրությունը` ընդամենը լատինատառ երկու բառ, որը, սակայն վերաբերում է այն անձավին, որտեղ երեք օր ամփոփված է եղել Հիսուսի մարմինը, և այդ անձավը գտնվում է տաճարի հայկական մասում: Հայկական մասում է նաև այն անձավը, որտեղ ամփոփված է եղել Հիսուսի խաչը` նախքան վերագտնելը, և միակտուր գորշագույն ժայռի այդ հատվածը կարմիր է: Իհարկե կա նաև այլ բացատրություն` ապարի մեջ մեծ է երկաթի պարունակությունը, բայց ո՞վ ասաց, որ պատահաբար է հենց այդ հատվածի մեջ մեծ երկաթի պարունակությունը: Գողգոթան մեր թվարկությունից առաջ և մեր թվարկության առաջին երեսնամյակում եղել է քարհանք, որտեղից հատված քարերով Հերովդեսը կառուցել է իր տաճարները և ամրոցները: Փաստորեն քաղաքը, որ հետո պիտի կոչվեր Երուսաղեմ: Ես չեմ պատմի հրաշալի ու հազարամյակներով հայտնի իրադարձությունները, անիմաստ է, բայց ականատեսի ու մասնակցի իրավունքով ես վկայում եմ` պատմությունը շարունակվում է: Բոլորի ու յուրաքանչյուրի համար:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Երուսաղեմ

Հ. Գ.- Չեմ կարող չասել, որ դեպի սուրբ Հարության տաճար տանող ճանապարհին կան նաև մզկիթներ, և դա էլ մեր բոլորի պատմությունն է, ու երբ վերևից ես նայում Երուսաղեմին, խաչերի ու կիսալուսինների միահյուսում է: Տաբուներ ունեցողները թող մտածեն նաև այս մասին ու այն մասին, որ հրեաների համար չէ միայն իրենց Լացի պատը, որի առաջ նրանք աղոթում են, որ Սողոմոնի տաճարը վերականգնվի, որի միայն պարիսպն է պահպանվել, ու հրեաները շարված են այդ պարսպի տակ մշտապես: Քանի՞ պարիսպ է մնացել մեր տաճարներից, որի հիշատակը մենք հարգել գիտենք:

Դիտվել է՝ 1868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ